ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայ ազգայնականի համար, ցեղակրոնությունից բացի, մյուս բոլոր դավանանքներն անընդունելի են

Հայ ազգայնականի համար, ցեղակրոնությունից բացի, մյուս բոլոր դավանանքներն անընդունելի են
27.03.2009 | 00:00

ՄՈՐՄՈՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄԱՍՈՆՆԵՐ
Հայաստանում տարածվող աղանդների նկատմամբ Հայ առաքելական եկեղեցու բռնած չեզոք դիրքորոշումը, իրոք, մտահոգիչ է: Ստացվում է` դարեր շարունակ հայ ժողովրդին զրկելով ինքնապաշտպանական բնական դրսևորումներից, այժմ, որպես հետևանք, եկեղեցին ի՞նքն է հայտնվել անպաշտպան վիճակում:
Ազգայնականը, ցանկացած փոխհարաբերության մեջ գերակայությունը տալով միայն ազգային շահին, այժմ ստիպված ինքն է Էջմիածնի մայր եկեղեցուն կոչ անում հրաժարվել հաշտվողական մարտավարությունից: Հարկ է համատեղել ջանքերը նրա հետ և միասնական պայքար ծավալել մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին բացարձակապես անհարիր աղանդների դեմ: Անկախ այն բանից, որ մեր վերաբերմունքը քրիստոնեական գաղափարախոսության և ընդհանրապես օտար գաղափարախոսությունների հանդեպ մնում է անհանդուրժողական, մենք որոշ կողմնապահություն Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այնուամենայնիվ, ունենք: Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ ժամանակի ընթացքում այն ներծծվել է ազգային սովորույթներով և հենց այդ չափով էլ ազգային շահ է հետապնդել: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ վատ հոգևորականների վարքի պատճառով է հայ եկեղեցու հեղինակությունն ընկած: Իրականում դա ընդամենը հետևանք է քրիստոնեության՝ որպես հնացած կրոնի, դերի ու նշանակության անկման, քաղաքականության առաջադրած արդի խնդիրների լուծման նրա անկարողության:
Հայ քրիստոնեական եկեղեցին անխուսափելիորեն ենթակա է վերարժեքավորման ու ինքնավերագնահատման, ինչը բոլորովին էլ չի բացառվում, հնարավոր բնական ճանապարհով վերափոխման այդ կայացումը տեղի կունենա աստիճանաբար և կուղեկցվի քրիստոնեության աղանդազերծմամբ:
Համաշխարհային տիրապետության ձգտող հայտնի ուժերն էլ, իրենց սպասող հենց այս վտանգն իրատեսորեն կանխազգալով, հրապարակ են շպրտել հոգևոր ոլորտի զենք` միջազգային աղանդների մի ամբողջ ծաղկաբույլ:
Հնդեվրոպական ժողովուրդների` դեպի արիականացում կողմնորոշումն առաջընթաց է և՛ տնտեսական, և՛ հոգևոր առումներով: Այն խաթարելու համար «համաշխարհային տիրապետության ձգտող կապիտալը» ջանք չի խնայում. անհավատալի գումարներ են ծախսվում քարոզչության, նոր կազմակերպչական կառույցներ ստեղծելու, կառավարությունների մեջ սերտաճելու, առևտրային ցանցն ընդլայնելու և քայքայիչ այլ գործունեություն նաև նոր և հին աղանդների միջոցով ծավալելու համար: Հայ ժողովրդի համար հանրապետության տարածքում օրինական կամ ապօրինի եղանակներով քաղցկեղի պես տարածվող աղանդների դեմ պայքարը լուրջ խնդիր է: Սակայն նախ պետք է ճանաչել այդ բազմագլուխ, երբեմն անտեսանելի գործող թշնամուն, իմանալ նրա գործելաոճի մասին:
Շատ անհանգստացնող փաստ էր «Եհովայի վկաների» անցանկալի գրանցման կապակցությամբ ԱԺ դահլիճում ՀՀ հանգուցյալ և ազգայնական համարվող վարչապետ Ա. Մարգարյանի արած հայտարարությունը, թե` նրանց մենք գրանցել ենք, որ դուք էլ (պատգամավորներդ- հեղ.) հետևեք` եթե օրենքի խախտում թույլ կտան, կպատժենք: Եվ ինչո՞ւ եք միայն «Եհովայի վկաներին» տեսնում, բա մորմոննե՞րը, ինչո՞ւ այն ժամանակ (1992-ին-հեղ.) գրանցեցիք:
Սա ի՞նչ էր նշանակում, ուրեմն, եթե ամրոցի դարպասները նախկին իշխանությունների օրոք բաց են եղել թշնամու առաջ, կարելի է մի անգամ էլ բացել, թող այժմ էլ նոր թշնամի՞ն խուժի ներս, իսկ ժողովուրդն էլ, թե դեռևս լրիվ հյուծված չէ, թող դրանց դեմ ճակատ տա, կռվի ու հաղթի՞: Սա՞ է ձեր ժողովրդավարությունը: «Կան հասարակական կազմակերպություններ, եկեղեցի, մտավորականություն, թող զբաղվեն: Մենք օրենքի կողմն ենք»,- հանդարտ շարունակեց բացատրել հանգուցյալ վարչապետը։ Իսկ ինչո՞ւ նրա «իմաստուն» խորհրդականները չէին բացատրել ամրոցը նախօրոք անառիկ պահելու և դիրքային առավելությունը երբեք չզիջելու անհրաժեշտության մասին:
Ստացվում է` իշխանությունները հանուն «ժողովրդավարության» հանձնվել են վաղուց, անզոր են դրա բերած «բարիքներին» ընդդիմանալու և համաժողովրդական, պարտիզանական պայքարի կոչ են արել: Սակայն արդյո՞ք ազգայնականներն այդ կոչն ընդունել են:
Հարկ է դատել արդյունքներով։ Սակայն պայքարելուց առաջ ու նաև ընթացքում նախ պետք է Հայաստանում արմատակալած աղանդների մասին որոշ չափով տեղեկանալ` ակնկալելով բոլոր առողջ ուժերի անկողմնակալ համատեղում, ներառյալ և՛ հայ հոգևորականների, և՛ պետական կառույցներում հայրենասիրական գաղափարներ ունեցողների։ Հապաղելն ուշ կլինի։
Աշխարհում ազգային կենսակերպը քայքայող գաղափարախոսությունները բազմաձև են, բազմաձև են և նրանց դրսևորումներն առավել հայտնի քայքայիչ աղանդների տեսքով, որոնց ոչ լրիվ ցանկը հետևյալն է. «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կամ մորմոններ, «Սայենթոլոգիայի եկեղեցին» կամ Հաբարդի հումանիտար կենտրոնները, «Եհովայի վկաներ», «Միավորման եկեղեցի» (Մունի աղանդ), «Կրիշնա գիտակցության ընկերություն», «Տրանսցենդենտալ մեդիտացիա» (ՏՄ), «Ընտանիք», «Քրիստոսի եկեղեցի», «Աստծո համաշխարհային եկեղեցի», ՈՒիթնես Լիի «Տեղական եկեղեցի», «Կյանքի խոսք», «Հավատքի շարժում», «Բարգավաճման աստվածաբանություն», «Աստվածամոր կենտրոն», «Սպիտակ եղբայրակցություն», «Վիսարիոն և վիսարիոնականներ», «Պորֆիրի Իվանով և իվանովականներ», «Նյու Էյջ» («Նոր դար») շարժում, Շրի Յինմոյեմի շարժում և այլն:
Ստորև օգտագործելով նաև «Անհատի և ընտանիքի պաշտպանություն» միավորման նյութերը, կանդրադառնանք դրանցից մեկի` մորմոնների կամ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» աղանդի գործունեության որոշ հարցերի և մասոնության հետ ունեցած նմանությանը։
1988-ից հետո բարեգործությունների անվան տակ, ի թիվս այլոց, Հայաստան ներխուժեցին նաև մորմոնները: Թեև բարեգործությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ շահեկանությունից, սակայն հայ ժողովրդին երկրաշարժի հասցրած ծանր վերքը մորմոններն ընկալեցին որպես հոգիներ որսալու իդեալական պայման: Մորմոնների՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» որպես կրոնական կազմակերպություն ՀՀ-ում գրանցվել է 1992-ին: Այժմ Երևանում ունի 5 կենտրոն, Արտաշատում` 1, Աշտարակում` 1, Գյումրիում` 1: Հայկական համայնքը Արևելյան Եվրոպայի Սյան մեջ է, կենտրոնը` Մոսկվայում, ղեկավարն է Օուրթները: Ըստ նրանց տվյալների, ՀՀ-ում ունեն ավելի քան 1200 անդամ:
Մորմոններն ակտիվորեն են գործում արխիվային վարչությունների հետ (Ռուսաստանի, Բելառուսի, ՈՒկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի): ՀՀ-ում այդ աշխատանքը կենտրոնացնում է «Հայկական ծագումնաբանական միություն» կազմակերպությունը, որը 1996-ին հրատարակեց «Ծագումնաբանությունը հայերի համար» գիրքը: Նրանք թափանցել են նաև ՀՍՍՀ Կենտրոնական պատմության արխիվ, հայկական սփյուռքի գրեթե բոլոր երկրների համապատասխան արխիվներ, Հայ առաքելական եկեղեցու մահվան գրանցման եկեղեցական մատյաններ, պատճենել են ծննդյան, ամուսնության, մահվան, մարդահամարների, հարկերի, կենսագրությունների, գերեզմանատների մակագրությունների, ներգաղթի, հիվանդանոցների հիվանդների, ընտրողների, ուսանողների, հպատակագրման ու քաղաքացիություն ստանալու, հեռախոսագրքերի, թերթերի, հողային, վավերացված կտակների վերաբերյալ և այլ փաստաթղթեր: Դրանց գլխավոր պատճենները պահվում են ԱՄՆ-ի Յուտա նահանգում` Ծագումնաբանական միության «Գրանիտե սարի» պահոցներում: Մորմոնական «եկեղեցիներում» գոյություն ունեն նաև «Ընտանեկան պատմության գրադարանների» աշխարհով մեկ սփռված գրադարանային ցանցեր, որոնցից օգտվողների մեծ մասը ոչ մորմոններն են և առանց իմանալու, որ օգտվում են աղանդավորական համակարգի ծառայությունից, հաճախ ընկնում են նրանց որոգայթը:
Մորմոններն իրենց սովորական աղոթատներում պարբերաբար հավաքներ ու կիրակնօրյա պաշտամունքներ են անցկացնում: ՈՒնեն նաև տաճարներ, ուր ոչ մորմոնների մուտքն արգելվում է, իսկ մորմոնն այնտեղ կարող է մտնել միայն երեք հատուկ մորմոնների երաշխավորությամբ: Աշխարհում առկա մորմոնական 50 տաճարներից երկուսն Արևելյան Եվրոպայում են` Արևելյան Գերմանիայում և Շվեդիայում:
Տաճարային բոլոր արարողությունները 1842-ին մշակել է Ջ. Սմիթը, երբ 1200 մորմոնների հետ մուտք է գործել մասոնական օթյակ: Մորմոնների տաճարային խորհրդանիշներն ու արարողությունները մեծ մասամբ մասոնական կրկնություններ են:
Տաճարում են տեղի ունենում ճշմարիտ մորմոն դառնալու «նվիրաբերման», ճշմարիտ-անխախտ ամուսնության («պսակի կնքման») և «փոխարինաբար կատարվող մկրտության» արարողությունները, որոնցից հետո միայն մորմոնը կարող է հավակնել սեփական մոլորակ ունենալուն: Նրանք, ովքեր տաճարից դուրս են մկրտվել ու պսակվել, չեն կարող ընկնել «ցելիստեալ (երկնային) թագավորություն»:
Ճշմարիտ մորմոն դառնալու գաղտնի նվիրաբերման ժամանակ տրվում է «խորհրդավոր սպիտակեղեն», որն այդուհետ պարտավոր են կրել հագուստի տակից՝ մերկ մարմնի վրա: Այս սպիտակեղենի վրա՝ կտրվածքի տեսքով առկա են սպիտակ թելով կարված չորս մոգական նշանները (մասոն-որմնադիրի հիմնական գործիքների խորհրդանիշները): Նվիրաբերման ժամանակ մորմոնը նոր գաղտնի անուն է ստանում, որը պետք է իմանան ինքն ու Աստված: Կին մորմոնի անունը հայտնի է լինում նաև ամուսնուն:
Նորաթուխներին ստուգելուց հետո երդվեցնում են, որ նրանք ամեն ինչ գաղտնի պահեն: Այնուհետև նրանց անցկացնում են չորս արարողությունների միջով՝ օծում, մերկացում՝ մինչև սպիտակեղենը, ձեռնադրություն և նոր անվանակոչություն: Դրանից հետո հագցնում են գաղտնի սպիտակեղենը և կրթական բնույթի ֆիլմ ցուցադրում, ապա բոլոր «հոգևորապես անպատրաստներին» դուրս են հրավիրում, մնում են միայն հեռվից աշխարհաստեղծման գաղտնիքներն իմանալու նպատակով եկածները: Սրանք մեկ անգամ ևս երդմնեցուցիչ-աղոթք են կարդում և հագնում մեկ այլ՝ լրացուցիչ զգեստ: Եթե որևէ մեկը խախտի գաղտնիքը, դրա համար վրեժ կլուծի «սև հրեշտակների ջոկատը»: Այնուհետև նրանց բերում են «ցելիստեալ թագավորությունը» խորհրդանշող մի քանի դռների փոխարեն վարագույրներ ունեցող մի սրահ և հայտնում, որ նրանց պետք է սովորեցնեն իսկական «ցելիստեալ թագավորությունը» մտնելու չորս «խորհուրդները»՝ անցանշանները` «մեխի նշանը», «արմունկի նշանը», «թագավորության նշանը» և «ձեռքսեղմման նշանը»: Եթե հաջողվի անցնել վարագույրների միջով, կհաջողվի անցնել ու մտնել նաև երկինք:
Այս արարողությունից հետո անցնում են մահացածների համար կատարվող «քավության աշխատանքին», այսինքն՝ այլոց «փոխարեն կատարվող մկրտության և ամուսնության»: Յուրաքանչյուր մահացածի համար հետևորդներն անցնում են այս ամբողջ ցիկլը: Հայտնի է մորմոնուհի, որը «մկրտվել» է 30 հազար մարդկանց փոխարեն և «փրկել» է այնպիսի մեծանուն մարդկանց, ինչպիսիք են, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացին, Նաբուգոդոնոսորը, Հուլիոս Կեսարը, Կլեոպատրան, Նապոլեոնը և այլք: Մորմոնական մի բարձր պաշտոնյա մեծարել է այս կնոջը՝ ասելով, որ վերջինս ավելի շատ հոգիներ է փրկել, քան Հիսուս Քրիստոսը: Իբր մահացածների հետ այսպիսի ամուսնության արարողությունները «փրկության բարձրագույն աստիճանի» հասնելու՝ աստված դառնալու «դարպասներ» են հանդիսանում: Այցելությունը տաճար, սովորաբար, տևում է մեկ շաբաթ, առավոտվա 9-ից երեկոյան 9-ը:
Մեր նախնիների ու հանգուցյալ բարեկամների անունները, այն էլ առանց մեր համաձայնության, մորմոններն օգտագործում են իրենց օկուլտային-մոգական նպատակների համար: Ավանդական եկեղեցու տեսանկյունից այսպիսի «փոխարինող մկրտությունները» և «ցելիստեալ ամուսնությունները» սրբապղծություն են և համեմատելի են սատանայապաշտների կողմից գերեզմանոցների պղծման հետ:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ